Նորություններ

«Օլիմպիադաներին մասնակցելու փորձն ինձ սովորեցրել է արագ մտածել, ճիշտ կառավարել ժամանակը և աշխատել ճնշման տակ». Էդգար Բաղմանյան

Հետաքրքրասիրությունը, աշխատասիրությունն ու բարդ խնդիրների լուծման հանդեպ սերը կարող են մեծ հաջողությունների ճանապարհ բացել։ «Ֆիզմաթցիների հաջողության պատմությունները» շարքի այս անգամվա հերոս Էդգար Բաղմանյանն իր հաջողության ճանապարհին կարևորում է հենց այս հատկանիշները։ 

2026 թվականի հուլիսին Էդգարը բրոնզե մեդալ է նվաճել Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, ինչի առիթով էլ զրուցել ենք նրա հետ։ 

Ինչու Ֆիզմաթ

Ֆիզմաթն ընտրեցի, որովհետև ինձ միշտ հետաքրքրել են ֆիզիկան և մաթեմատիկան։ Ֆիզիկան ինձ հատկապես գրավում է իր խնդիրներով, և ինձ ամենից շատ դուր է գալիս հենց դրանց լուծման ընթացքում մտածելու գործընթացը։ Բացի այդ, Ֆիզմաթի առավելություններից ինձ համար կարևոր է այն, որ դպրոցը ներգրավված է օլիմպիական շարժման մեջ։

Օլիմպիական խմբակի և օլիմպիադաներին մասնակցելու մասին

10-րդ դասարանից սկսեցի հաճախել ֆիզիկայի օլիմպիական խմբակ, որն ինձ հնարավորություն տվեց ավելի խորությամբ ուսումնասիրել առարկան։ Ժամանակի ընթացքում սկսեցի նաև արդյունքներ գրանցել։ Կարծում եմ՝ օլիմպիական խմբակները կարևոր դեր ունեն Ֆիզմաթի սովորողների հաջողությունների հարցում՝ օգնելով նրանց խորացնել գիտելիքներն ու զարգացնել օլիմպիադաների համար անհրաժեշտ հմտությունները։

Իմ կարծիքով՝ հաջողության հասնելու համար ամենակարևորը հետաքրքրությունն ու աշխատասիրությունն են։ Օլիմպիադաներին մասնակցելու փորձն ինձ սովորեցրել է արագ մտածել, ճիշտ կառավարել ժամանակը և աշխատել ճնշման տակ։ Այն նաև օգնել է չհանձնվել, երբ խնդիրը առաջին փորձից չի ստացվում, այլ շարունակել փնտրել լուծումը։

Փորձը միջազգային օլիմպիադաներում

Մինչև Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, մասնակցել էի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային։ Մեդալ նվաճելիս առաջին հերթին մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում, հատկապես երբ հիշում եմ այն աշխատանքը, որը կատարել եմ այդ արդյունքին հասնելու համար։

Ապագայի ծրագրեր

Ապագայում նպատակ ունեմ ոսկե մեդալ նվաճել և շարունակել կրթությունս ֆիզիկայի կամ ինժեներական ուղղությամբ։

Օլիմպիադաներով հետաքրքրվող սովորողներին խորհուրդ կտամ չվախենալ բարդ խնդիրներից և չհանձնվել, եթե սկզբում ինչ-որ բան չի ստացվում։ Պետք է համբերատար աշխատել, շատ խնդիրներ լուծել և սովորել սեփական սխալներից։