Նորություններ
15 մասնակից, 9 մեդալ․ Ֆիզմաթի սովորողները՝ միջազգային օլիմպիադաների առաջատարների շարքում
2025-2026 ուսումնական տարում Ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի սովորողները միջազգային առարկայական օլիմպիադաներում գրանցեցին նշանակալի արդյունքներ՝ Հայաստանի հավաքականների կազմում նվաճելով ընդհանուր 18 մեդալից 9-ը։ Այս հաջողությունները ոչ միայն սովորողների գիտելիքների և հետևողական աշխատանքի արդյունքն են, այլև Ֆիզմաթ դպրոցում գործող օլիմպիական խմբակների արդյունավետ աշխատանքի կարևոր ցուցիչ։
2026 թվականին միջազգային յոթ առարկայական օլիմպիադաներում Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված 31 սովորողներից 15-ը Ֆիզմաթի աշակերտներն էին։ Նրանք ներկայացրին Հայաստանը ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի, աշխարհագրության և աստղագիտության օլիմպիադաներում։
Հայաստանի հավաքականների նվաճած 18 մեդալներից 9-ը՝ ուղիղ կեսը, Ֆիզմաթի սովորողների արդյունքն է։ Դպրոցի աշակերտները նվաճեցին երեք արծաթե և վեց բրոնզե մեդալ, ինչպես նաև արժանացան մեկ գովասանագրի։
Այս տարի հայ սովորողները հնարավորություն ունեցան առաջին անգամ մասնակցելու Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային։ Հայաստանը ներկայացնող թիմում էր նաև Ֆիզմաթի սովորող Ռազմիկ Եփրեմյանը, որը բրոնզե մեդալ նվաճեց։
Այս արդյունքների հիմքում ոչ միայն անհատական տաղանդն ու աշխատասիրությունն են, այլև նպատակային կրթական աշխատանքը, առարկայական խորացված պատրաստվածությունն ու օլիմպիական խմբակներում իրականացվող հետևողական աշխատանքը։
Ֆիզմաթի սովորողների հաջողություններն ընդգրկեցին մի քանի գիտական ուղղություններ՝ ցույց տալով նրանց պատրաստվածության լայն շրջանակը։
Ֆիզիկա․ Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում անցկացված ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճեց 12-րդ դասարանի սովորող Գոռ Հովսեփյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ 11-րդ դասարանի սովորող Էդգար Բաղմանյանը։
Մաթեմատիկա․ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալներ նվաճեցին Սարգիս Առաքելյանն ու Արսեն Մակարյանը։ Արման Ասատրյանն արժանացավ գովասանագրի։
Քիմիա․ Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճեց 12-րդ դասարանի սովորող Արթուր Մխիթարյանը։
Կենսաբանություն․ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալով աչքի ընկավ Ֆիզմաթի սովորող Արեգ Գալստյանը։
Աստղագիտություն և աստղաֆիզիկա․ Վիետնամի Հանոյ քաղաքում անցկացված 19-րդ միջազգային օլիմպիադայում Ռուզաննա Շիրոյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Նատալի Մարգարյանն ու Բագրատ Բագրատյանը՝ բրոնզե մեդալներ։
Ֆիզմաթի սովորողները Հայաստանը ներկայացրին նաև ինֆորմատիկայի և աշխարհագրության միջազգային օլիմպիադաներում։ Թեև այս մրցույթներում նրանք մեդալներ չնվաճեցին, մասնակցությունը միջազգային մակարդակի մրցապայքարին կարևոր փորձառություն էր և հնարավորություն՝ ստուգելու գիտելիքները, զարգացնելու հմտություններն ու պատրաստվելու հետագա մրցույթներին։
Արդյունքների հիմքում՝ օլիմպիական խմբակների հետևողական աշխատանքը
Ֆիզմաթի սովորողների հաջողությունները մեկ տարվա ընթացքում արձանագրված առանձին ձեռքբերումներ չեն։ Դրանք դպրոցում գործող օլիմպիական խմբակների հետևողական աշխատանքի, առարկայական խորացված գիտելիքների զարգացման և սովորողների նպատակային պատրաստվածության արդյունք են։
Այս աշխատանքը հնարավոր է դարձել նաև «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Հիմնադրամը նպաստում է դպրոցում օլիմպիական խմբակների գործունեությանը՝ աջակցելով այն կրթական միջավայրի ձևավորմանը, որտեղ սովորողները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները, զարգացնելու վերլուծական մտածողությունը և պատրաստվելու միջազգային մրցույթներին։
Օլիմպիական խմբակներում իրականացվող աշխատանքը սովորողներին օգնում է դուրս գալ դասագրքային գիտելիքների շրջանակից, լուծել բարդ ու ոչ ստանդարտ խնդիրներ և զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային բարձրակարգ մրցույթներում հաջող հանդես գալու համար։ Այս գործընթացում կարևոր է թե՛ սովորողների նվիրվածությունը, թե՛ նրանց պատրաստող մասնագետների աշխատանքը և թե՛ կրթական հնարավորություններն ընդլայնող աջակցության շարունակականությունը։ Միջազգային յոթ օլիմպիադաներում Ֆիզմաթի սովորողների մասնակցությունը և նվաճած մեդալները ցույց են տալիս, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել գիտելիքի զարգացմանը միտված հետևողական աշխատանքը։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի օլիմպիական կրթության զարգացման ծրագրերին աջակցում են մի շարք կազմակերպություններ և անհատներ, որոնց թվում են՝ գլխավոր հովանավորներ Դավիթ Բաղդասարյանը, Աստղիկ Փիլիպոսյանը, ONEX ընկերությունը, աջակիցներ FimeTech, Global Entrepreneurship Foundation, Krisp, Adamium, ID Bank, «Արփա-Սևան» ընկերությունները, Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Արամյան հիմնադրամը, Խաչատուր Սուքիասյանը։