Նորություններ

Օլիմպիական հաջողություններից մինչև նոր նպատակներ․ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամն ամփոփել է տարվա արդյունքները

2025-2026 ուսումնական տարում Ֆիզմաթ դպրոցի սովորողները միջազգային առարկայական օլիմպիադաներում գրանցեցին նշանակալի հաջողություններ՝ Հայաստանի հավաքականների կազմում նվաճելով18 մեդալներից 9-ը։ Այս ձեռքբերումներն ամփոփելու և օլիմպիական շարժման զարգացմանն ուղղված աշխատանքը ներկայացնելու նպատակով «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 6-ին կազմակերպել էր ամփոփիչ միջոցառում։

Միջոցառման ընթացքում հիմնադրամի տնօրեն Սերինե Ավետիսյանը ներկայացրեց օլիմպիական խմբակների գործունեության հիմնական ցուցանիշները, անդրադարձավ հիմնադրամի զարգացման տեսլականին և առաջիկա ծրագրերին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Օլիմպիական շարժում» պիլոտային ծրագրի շարունակականության կարևորությանը, մասնավորապես՝ ՀՀ մարզերում օժտված սովորողների բացահայտման և նրանց կրթական հնարավորությունների ընդլայնման համատեքստում։

Այնուհետև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Ավասարդյանը ներկայացրեց Ֆիզմաթ դպրոցի սովորողների՝ 2023-2026 թվականներին միջազգային օլիմպիադաներում գրանցած արդյունքները՝ անդրադառնալով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը, իսկ միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած դպրոցի սովորողները ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով, պատմեցին օլիմպիական ճանապարհի, պատրաստության ընթացքի և հաղթանակների, ինչպես նաև  անհաջողությունների մասին։

Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, աջակիցներ, կրթական հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ և սովորողներ։

Միջոցառման ավարտին օլիմպիական խմբակների խմբավարները պարգևատրվեցին՝ իրենց նվիրված աշխատանքի և սովորողների հաջողություններում ունեցած նշանակալի ներդրման համար։