Նորություններ

«Օլիմպիադաներում հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ ամուր բազա». Գոռ Հովսեփյան

«Ֆիզմաթցիների հաջողության պատմությունները» շարքի այս անգամվա հերոսը Ֆիզմաթի սովորող Գոռ Հովսեփյանն է, ով 2026 թվականի հուլիսին արծաթե մեդալ է նվաճել Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի հետ զրույցում Գոռը պատմել է, թե ինչու է ընտրել Ֆիզմաթը, ինչ է տվել իրեն օլիմպիական խմբակը և այլ մանրամասներ։

Ինչու Ֆիզմաթ

Մաթեմատիկան ինձ միշտ հետաքրքրել է, և ցանկանալով ավելի խորությամբ ուսումնասիրել այն՝ որոշեցի ընդունվել Ֆիզմաթ դպրոց։ Փոքր տարիքից հետաքրքրված էի նաև բնությամբ, իսկ ֆիզիկան բնության մասին գիտություններից ամենածավալունն է, ինձ հատկապես հետաքրքրում էր ֆիզիկայի միջոցով շրջակա աշխարհի ուսումնասիրությունը, այդ պատճառով էլ որոշեցի խորացնել ֆիզիկայի իմ գիտելիքները։

Ֆիզմաթ դպրոցի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ դպրոցը սերտորեն կապված է օլիմպիադաների հետ, որոնցով ես հետաքրքրված էի դեռևս դպրոց ընդունվելուց առաջ։

Օլիմպիական խմբակի և օլիմպիադաներին մասնակցելու մասին

Օլիմպիական խմբակը ինձ հնարավորություն է տվել խորությամբ ուսումնասիրել ֆիզիկայի տեսությունը, զարգացնել խնդիրներ լուծելու հմտություններս և տեսական գիտելիքներս կիրառել բարդ խնդիրների լուծման մեջ, իսկ օլիմպիադաներին մասնակցելու փորձը ինձ տվել է ճկունություն, արագ մտածելու և կենտրոնանալու ունակություն։

Օլիմպիադաներին մասնակցելը հեշտ է, բայց օլիմպիադաներում հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ ամուր բազա։ Իսկ բազա ունենալու համար առաջին հերթին աշակերտը պետք է սովորի ինքնակրթվել։ Դրանից բացի, նա պետք է ունենա աշխատասիրություն, նպատակասլացություն և համառություն։

Փորձը միջազգային օլիմպիադաներում

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից առաջ, չնայած նրան, որ միայն Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցելու փորձ ունեի, արդեն հասցրել էի զգալ մեդալ նվաճելու ուրախությունը։ Ամենահաճելի զգացողությունն այն էր, որ պետք է բեմում բարձրացնեի մեր դրոշը։

Ապագայի ծրագրեր

Ապագայում պլանավորում եմ աշխատել որպես ինժեներ՝ մեխանիկայի ուղղությամբ, և կրթությունս շարունակել Եվրոպայում։