Նորություններ
«Մաթեմատիկան մտքին տալիս է ազատություն». Արման Ասատրյանի հաջողության պատմությունը
«Ֆիզմաթցիների հաջողության պատմությունները» շարքի այս անգամվա հերոսը 17-ամյա Արման Ասատրյանն է՝ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր։
Ինչու մաթեմատիկա
Մաթեմատիկայում ինձ ամենաշատը գրավում է, որ այն մտքին տալիս է ազատություն։ Դու սկսում ես մտածել ոչ թե սահմանափակ, այլ փորձում ես ստեղծել քո սեփական մոտեցումները, գտնել նոր ուղիներ։ Նույնիսկ եթե խնդիրը չես լուծում, ճիշտ հարցեր տալու գործընթացն ինքնին կարող է քեզ շատ ավելի հեռու տանել։
Միջազգային օլիմպիադաներ
Օլիմպիադաների սկսել եմ մասնակցել 7-րդ դասարանից, երբ առաջին անգամ հաճախեցի օլիմպիական խմբակ։ Ժամանակի ընթացքում խմբակում խորացրի գիտելիքներս և սկսեցի արդյունքներ գրանցել, ինչը ուրախություն էր թե՛ ինձ համար, թե՛ իմ երկրի։ Կուզեի, որ օլիմպիական շարժումը Հայաստանում ավելի զարգանա, և ավելի շատ երեխաներ ներգրավվեն դրանում։
Օլիմպիադան ոչ միայն գիտելիք է տալիս, այլ նաև ձևավորում է մրցակցային միջավայր, որը ստիպում է ավելի ուժեղանալ և ավելի լավ պատրաստվել։ Բացի դրանից, դա նաև ընկերական միջավայր է․ միասին անցկացրած ժամանակը, թիմային խաղերը և շփումներն այդ օրերը դարձնում են շատ հիշվող։
Ապագա ծրագրեր
Իմ նպատակն է անպայման ոսկե մեդալ նվաճել և ավելացնել միջազգային օլիմպիադաներում մասնակցությունների թիվը։ Ցանկանում եմ նաև, որ օլիմպիական շարժումը ավելի ճանաչված դառնա թե՛ դպրոցներում, թե՛ ամբողջ Հայաստանում։
Մասնագիտության տեսանկյունից, քանի որ ինձ հետաքրքրում է նաև տնտեսագիտությունը, ուզում եմ այն համատեղել մաթեմատիկայի հետ։ Հավանաբար այդ ուղղությամբ էլ կշարունակեմ ուսումս նաև արտերկրում։ Ամենակարևոր նպատակը, սակայն, այն է, որ ապագայում վերադառնամ և իմ գիտելիքով օգտակար լինեմ իմ երկրին։