Uncategorized @hy

«Երբ տեսնում ես այլ աղջիկների, ովքեր հաջողում են, հասկանում ես, որ քո հավակնություններն իրական են». Նատալի Մուրադյան

Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց միջազգային օրն է։ Այդ առիթով զրուցել ենք Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Նատալի Մուրադյանի հետ, ում պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես գիտելիքը, աշխատասիրությունն ու համառությունը կարող են բացել համաշխարհային հնարավորությունների դռներ։

Ֆիզմաթից՝ դեպի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Իմ ճանապարհը դեպի STEM սկսվել է միջին դպրոցում, երբ մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ինձ դրդեց նոր մարտահրավերներ փնտրել։ Հայրս, ով նույնպես Ֆիզմաթի շրջանավարտ է, ինձ խրախուսեց դիմել այնտեղ։ Ես լուրջ պատրաստվեցի ընդունելության քննություններին և ընդունվեցի, սակայն անցումը հեշտ չէր։

Ուսումնական միջավայրը շատ ավելի պահանջկոտ էր, քան այն, ինչին սովոր էի, և առաջին անգամ զգացի, որ դասարանի ամենաուժեղ աշակերտների շարքում չեմ։ Այնուամենայնիվ, հենց այդ միջավայրն օգնեց ինձ բացահայտել իմ մրցակցային ոգին։ Հիասթափվելու փոխարեն, ես սկսեցի ավելի վճռական աշխատել՝ հասնելու այն դասարանցիների մակարդակին, ումից ոգեշնչվում էի։ Հիշում եմ՝ պատմում էի դասղեկիս իմ նպատակների մասին, ու նա ինձ վստահեցրեց, որ եթե շարունակեմ աշխատել, անպայման կհասնեմ հաջողության։ Ֆիզմաթի առանձնահատկությունը հենց այդ յուրահատուկ հավասարակշռությունն է բարձր մրցակցության և իրական աջակցության միջև։ Օրինակ՝ մի դասարանցի ունեի, ով առանձնանում էր իր բացառիկ կարողություններով, և ես ինձ համար նպատակ էի դրել հասնել նրա մակարդակին։ Չնայած իմ ակնհայտ մրցակցային մոտեցմանը, նա միշտ շատ բարեհամբույր և պատրաստակամ էր օգնելու․ մինչ այսօր էլ մենք լավ ընկերներ ենք։ Նույնը վերաբերում էր մեր ամբողջ խմբին․ բոլորս ձգտում էինք լավագույնին և միաժամանակ միմյանց օգնելով առաջ էինք գնում դեպի այդ նպատակը։

Ի վերջո, ուսուցիչներս նկատեցին իմ հետաքրքրությունը խնդիրներ լուծելու նկատմամբ և խրախուսեցին միանալ մաթեմատիկայի օլիմպիական խմբակին։ Այնտեղ ես գտա համախոհ ընկերների մի համայնք, ինչն ինձ ավելի ոգեշնչեց։ Ես շատ շնորհակալ եմ այն ուսուցիչներին, ովքեր ժամանակ և նվիրում էին տվել մեզ և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք զգում էինք, որ նկատված և գնահատված ենք։ Մի քանի փորձերից և դժվարություններից հետո ինձ բախտ վիճակվեց ներկայացնել իմ երկիրը Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում, որտեղ նվաճեցի բրոնզե մեդալ։ Այդ փորձառությունը մինչ այսօր էլ իմ ամենահպարտ պահերից է, քանի որ ինձ սովորեցրեց, որ տոկունությունն ու աջակցող համայնքը նույնքան կարևոր են, որքան տաղանդը։

Երբ ավարտական շրջանը մոտենում էր, ինձ ավելի ու ավելի էր ոգեշնչում միտքը՝ շարունակել ուսումս արտերկրում։ Այդպես ընդունվեցի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, և հաջորդ տարիները դարձան ոչ միայն ակադեմիական աճի, այլ նաև աշխարհայացքիս ընդլայնման շրջան։ Սկզբում մտադիր էի ուսումնասիրել մեքենաշինություն, սակայն տարբեր ոլորտների հետ ծանոթանալը օգնեց հասկանալ, որ իրականում ինձ առավել գրավում է համակարգչային գիտությունը։ Վերջիվերջո ավարտեցի թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի կրթությունը Համակարգչային գիտությունների և ինժեներության ուղղությամբ։ Այսօր աշխատում եմ որպես տեղեկատվական համակարգերի ինժեներ և դեռևս կրում եմ այն մտածելակերպը, որը ձևավորվել է Ֆիզմաթում՝ մնալ հետաքրքրասեր, անընդհատ ընդլայնել իմ սահմանները և գնահատել այն համայնքը, որի մաս եմ կազմում։

Հետաքրքրությունը STEM ոլորտի նկատմամբ

Հետաքրքրություն STEM ոլորտի նկատմամբ միշտ էլ ինչ-որ չափով ունեցել եմ, քանի որ սիրում էի սովորել ամեն ինչ՝ լեզուներից ու գրականությունից մինչև ֆիզիկա։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հատկապես մաթեմատիկան սկսեց ինձ ձգել՝ իր ներքին տրամաբանության պատճառով։ Ի տարբերություն այն առարկաների, որոնք պահանջում էին շատ հիշողություն, օրինակ՝ պատմություն, որտեղ պետք էր անգիր անել թվականներ ու իրադարձություններ, մաթեմատիկան ինձ համար ավելի բնական էր թվում։ Ինձ շատ էր դուր գալիս այն միտքը, որ եթե իսկապես հասկանում եմ հիմքում ընկած սկզբունքները, կարող եմ ինքնուրույն վերածնել բանաձևերը և տեսնել, թե ինչպես է ամեն ինչ կապվում իրար։ Եվ այս հետաքրքրությունը զգալիորեն խորացավ հատկապես Ֆիզմաթ ընդունվելուց և մաթեմատիկայի օլիմպիական խմբակին միանալուց հետո։ Այնտեղ ես սկսեցի լուծել խնդիրներ, որոնք պարզապես վարժություններ չէին, այլ գեղեցիկ տրամաբանական հանելուկներ, որոնք բացում էին շրջապատող աշխարհի օրենքները։ Այդպիսի խնդիրներն ինձ ցույց տվեցին, որ մաթեմատիկան պարզապես թվերի մասին չէ, այլ մտածելու ձև է։ Հենց այդ բացահայտման զգացումն ու տրամաբանական լուծում գտնելու բավարարվածությունն էին, որ իրականում ձևավորեցին իմ հետաքրքրությունը դեպի STEM ոլորտը։

Դժվարություններ և մարտահրավերներ

Կարծում եմ՝ ամենամեծ դժվարություններից մեկը մոտիվացիան և հետևողականությունը պահպանելն էր, երբ քեզ շրջապատում են շատ տաղանդավոր և առաջադեմ մարդիկ։ Հեշտ է հիասթափվել, երբ սկսում ես համեմատել քեզ մյուսների հետ և զգում ես, թե որքան առաջ են նրանք։ Անշուշտ, եղել են պահեր, երբ բախվել եմ ձախողումների կամ անմիջապես չեմ տեսել իմ աշխատանքի արդյունքը։ Այդ ընթացքում ես պետք է սովորեի շարունակել առաջ շարժվել նույնիսկ այն ժամանակ, երբ զգում էի, որ ինչ-որ մեկին կամ ինքս ինձ հիասթափեցրել եմ։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ տոկունությունը մի բան է, որը պետք է զարգացնել՝ ինչպես մկան։

Երկրորդ մարտահրավերը կապված էր ժամանակի և սոցիալական կյանքի հավասարակշռման հետ։ Դպրոցում բնական է ցանկանալ ժամանակ անցկացնել ընկերների հետ, բայց պետք էր մեծ ներքին վճռականություն՝ հավատարիմ մնալու իմ ընտրած ճանապարհին, երբ թվում էր, թե ինչ-որ բան եմ կորցնում։

Ֆիզմաթի ազդեցությունը մտածելակերպի ու աշխարհայացքի վրա

Ֆիզմաթը խորապես փոխեց իմ վերաբերմունքն ուսման նկատմամբ։ Տաղանդավոր ուսուցիչների և բարձր մակարդակի ծրագրի շնորհիվ սովորեցի խնդիրներին նայել ավելի խորքային կերպով։ Ես հասկացա, որ եթե իսկապես ընկալում եմ հիմքում ընկած տրամաբանությունը, կարող եմ ինքնուրույն վերարտադրել բանաձևերը՝ մի մոտեցում, որը մինչ այսօր ինձ համար չափազանց արժեքավոր է։

Շատ գնահատում եմ նաև դպրոցի միջավայրը, որը ձևավորում էր յուրահատուկ համայնքային զգացում։ Մեզ համար սովորական էր, նույնիսկ խրախուսվում էր՝ դասերից հետո մնալ դասասենյակներում և միասին աշխատել։ Իմ ամենաջերմ հիշողություններից են այն պահերը, երբ ընկերներով մինչև ուշ երեկո մնում էինք դպրոցում՝ միասին պատրաստվելով քննություններին և օգնելով միմյանց ամենաբարդ նյութերը հասկանալու հարցում։ Մենք ունեինք նաև շատ ակտիվ դպրոցական կյանք և տարբեր մշակութային միջոցառումների էինք մասնակցում։ Ֆիզմաթը ստեղծել էր այն հազվադեպ միջավայրը, որտեղ հնարավոր էր միաժամանակ խոր գիտական կրթություն ստանալ, կապ պահպանել մշակույթի հետ և ձևավորել ամուր ընկերություն։ Այդ հավասարակշռությունն էր, որ ձևավորեց ոչ միայն իմ մասնագիտական ուղին, այլև այն մարդուն, ով այսօր եմ։

Աղջիկները STEM-ում․ ինչ է փոխվել

Ես շատ ոգևորությամբ եմ նկատում, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է STEM ոլորտում աղջիկների մասնակցությունը և բարձր մակարդակի մրցույթներում ներգրավվածությունը։ Հատկապես ուրախացնող է տեսնել վերջին տարիներին Հայաստանի մասնակցությունը Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադային (EGMO)։ Երբ ես աշակերտ էի, EGMO-ին մասնակցելն իմ երազանքներից մեկն էր, սակայն այդ ժամանակ թիմ ուղարկելու հնարավորություն ու ֆինանսավորում դեռևս չկար։ Այսօր այդ հնարավորությունը նոր սերնդի աղջիկների համար իսկապես կարևոր փոփոխություն է․ դա ցույց է տալիս, որ մենք սկսել ենք ավելի լուրջ վերաբերվել և ներդրում կատարել աղջիկների գիտական ներուժի զարգացման մեջ։

Միաժամանակ հասկանում եմ, որ այս առաջընթացը ինքնաբերաբար չի եկել։ Շատ երախտապարտ եմ այն ուսուցիչներին, ովքեր նպատակային խրախուսում էին աղջիկներին միանալ մաթեմատիկայի խմբակներին և մասնակցել օլիմպիադաներին։

Ինչպես աջակցել/խրախուսել աղջիկներին

Իմ կարծիքով՝ ամենակարևոր աջակցող համակարգը մի քանի շերտերի համադրությունն է՝ վաղ խրախուսում և պատկանելիության զգացում ստեղծող միջավայր։ Սկիզբը միշտ ընտանիքից և ուսուցիչներից եկող վաղ աջակցությունն է։ Կարևոր չէ ուղղորդել երեխային դեպի կոնկրետ ճանապարհ, այլ կարևոր է չսահմանափակել նրա հնարավորությունները և թույլ չտալ, որ նա ինքն իր առաջ փակի որևէ ոլորտ։ Երբ աղջիկները զգում են, որ STEM-ը իրենց համար նույնպես հասանելի տարբերակ է, դա արդեն ձևավորում է վստահության հիմք՝ անկախ վերջնական ընտրությունից։

Հաջորդ կարևոր շերտը դպրոցական միջավայրն է։ Ֆիզմաթի նման մասնագիտացված դպրոցում դու բնականաբար շրջապատված ես մարդկանցով, ովքեր շատ ուժեղ հետաքրքրված են այդ ոլորտներով, և դա ինքնին մեծ մոտիվացիա է տալիս։ Իմ բախտը բերել էր նաև նրանով, որ իմ դասարանում համեմատաբար ավելի շատ աղջիկներ կային, և մենք բոլորս միասին մեծ ձգտումով էինք աշխատում։ Երբ տեսնում ես աղջիկների, ովքեր հաջողում են և առաջ են շարժվում, դա օգնում է հասկանալ, որ քո հավակնություններն իրական են։

Վերջապես, շատ կարևոր է մենթորությունը։ Ուսուցիչներ, ովքեր իսկապես ներդրում են անում քո զարգացման մեջ, օգնում են հաղթահարել դժվար փուլերը և խրախուսում են առաջ գնալ նույնիսկ անորոշության պահին։ Երբ այս մենթորությունը համադրվում է աջակցող և մոտիվացնող միջավայրի հետ, ստեղծվում է մի համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլ նաև համարձակվել փորձել և աճել։

Խորհուրդ աղջիկներին

Կարիերայի հարցում անորոշությունը լիովին բնական է։ Բայց եթե STEM-ը թողնելու մտադրությունը գալիս է այն զգացումից, որ «բավարար լավը չես» կամ մրցակցությունը չափազանց բարդ է թվում, արժե մի պահ կանգ առնել ու վերանայել այդ որոշումը։ Երբ կանգնում եմ բարդ որոշումների առաջ, փորձում եմ պատկերացնել ինձ հինգ տարի անց։ Հարցնում եմ՝ արդյոք հպարտ կլինեմ այն մարդու համար, ով համարձակվել է շարունակել ու հաղթահարել դժվարությունները, թե կզղջամ, որ վախը կանգնեցրել է ինձ ինչ-որ հնարավորությունից օգտվելուց։ Այս մոտեցումը մինչ այսօր էլ ինձ օգնում է՝ թե՛ աշխատանքում, թե՛ բարդ խնդիրներ լուծելիս։ Երբ ինչ-որ բան թվում է անհասանելի, հիշեցնում եմ ինձ, որ մի օր դա կարող է դառնալ այն հմտությունը, որով կհպարտանամ։

Հաղորդագրություն՝ ֆիզմաթի սովորողներին

Ֆիզմաթի սովորողներին այսօր կասեի՝ գնահատեք ձեր դպրոցական տարիները։ Ձևավորեք որքան հնարավոր է շատ ընկերություններ և փորձեք համադրել աշխատասիրությունն ու սոցիալական կյանքը։ Իմ ամենաջերմ հիշողությունները միայն դասերի կամ մրցույթների մասին չեն, այլ նաև այն կյանքի, որը մենք ապրում էինք դասերից դուրս։ Միաժամանակ կցանկանայի խրախուսել՝ սկսել մտածել ձեր ապագայի մասին ավելի գիտակցված։ Հաջորդ քայլերը միշտ ակնհայտ չեն լինելու, և դուք ինքներդ պետք է փնտրեք հնարավորություններ։

Վայելեք ձեր երիտասարդությունը և ստեղծեք հիշողություններ, բայց նաև հիշեք, որ նույնիսկ փոքր քայլերը դեպի ձեր ապագան այսօր կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ վաղվա վրա։ Ձեր ապագա «ես»-ը անպայման շնորհակալ կլինի ձեզ դրա համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով