Նորություններ
Ֆիզմաթի օլիմպիական խմբակներ․ արդյունքներ և ազդեցություն
2025-2026 ուսումնական տարին Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների համար առաջընթացի և բարձր արդյունքների գրանցման շրջան էր։ Ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության ուղղություններով գործող խմբակները շարունակում են կարևոր դեր ունենալ Հայաստանի օլիմպիական կրթության համակարգում՝ պատրաստելով սովորողների նոր սերունդ, որը ներկայացնում է մեր երկիրը միջազգային հարթակներում։ 2026 թվականի մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաների Հայաստանի հավաքականի 50%-ը ներկայացրել են Ֆիզմաթ դպրոցի սովորողները։
Ուսումնական տարվա ընթացքում Ֆիզմաթ դպրոցում գործել է 14 օլիմպիական խմբակ՝ նախատեսված 7-12-րդ դասարանների սովորողների համար։ Շաբաթական իրականացվել է ընդհանուր 29 պարապմունք, որոնց ընթացքում սովորողները խորացրել են իրենց գիտելիքները, զարգացրել վերլուծական մտածողությունը և պատրաստվել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային օլիմպիադաների։
Տարվա սկզբում խմբակներում ընդգրկված էր 405 սովորող։ Հունվարին նրանց թիվը կազմել է 352, իսկ ուսումնական տարվա ավարտին՝ 296։ Մասնակիցների թվի նվազումը բնական գործընթաց է, որը հաճախ պայմանավորված է բնական հոսքով, քանի որ խմբակներույմ սովորողները ներգրավվում են իրենց ցանկությամբ և որևէ թեստավորում չեն անցնում, իսկ օլիմպիական կրթությունը պահանջում է ամենօրյա ակտիվ աշխատանք։
Թեև պատմականորեն առարկայական օլիմպիադաներում և օլիմպիական խմբակներում տղաների մասնակցությունը գերակշռում է, աղջիկների ձեռքբերումները վկայում են նրանց բարձր ներուժի մասին։ 2026 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի նվաճած մեդալների 20%-ը բաժին է հասել աղջիկ մասնակիցներին, ինչը ցույց է տալիս նրանց կարևոր ներդրումը STEM ոլորտում և ընդգծում աղջիկների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը։
Օլիմպիական կրթությունը՝ բաց նաև այլ դպրոցների սովորողների համար
Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակները շարունակել են իրենց դռները բաց պահել նաև այլ հանրակրթական հաստատությունների սովորողների համար։ Թեև ծրագրի հիմնական շահառուները Ֆիզմաթ դպրոցի աշակերտներն են, տարվա ընթացքում խմբակներին մասնակցել են նաև այլ դպրոցների սովորողներ։
2025 թվականի հոկտեմբերին այլ դպրոցներից ներգրավված սովորողների թիվը կազմել է 21, 2026-ի հունվարին՝ 15, իսկ հունիսին՝ 14։
Միջազգային մեդալներ՝ որպես աշխատանքի արդյունք
2026 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 21 մեդալ, որոնցից 11-ը՝ Ֆիզմաթ դպրոցի սովորողների մասնակցությամբ։
Ֆիզմաթի սովորողների մեդալային արդյունքները եղել են՝
- մաթեմատիկա՝ 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ,
- ֆիզիկա՝ 2 բրոնզե մեդալ,
- ինֆորմատիկա՝ 4 բրոնզե մեդալ։
Այս տարի Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Ֆիզմաթի սովորղները նվաճել են 2 մեդալ՝ 1 արծաթե և 1 բրոնզե, Քիմիայի միջազգային օլիմպիադայում՝ 1 բրոնզե մեդալ, և ևս 1 բրոնզե մեդալ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից ֆիզմաթցիներն այս տարի վերադարձել են ընդհանուր թվով 6 մեդալով՝ 2 արծաթե, 4 բրոնզե։
2025-2026 թթ․ ուսումնական տարվա արդյունքները ցույց են տալիս, որ Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակները շարունակում են մնալ Հայաստանի գիտակրթական առաջընթացի կարևոր հենասյուներից մեկը։
Ֆիզմաթ դպրոցը շարունակում է ձևավորել այն միջավայրը, որտեղ տաղանդավոր սովորողները ստանում են գիտելիք, աջակցություն և հնարավորություն՝ իրենց ներուժը ներկայացնելու ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գիտակրթական հարթակներում։
Ֆիզմաթ դպրոցում օլիմպիական խմբակների գործունեությունը աջակցություն է ստանում «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի կողմից։ Ծրագրի գլխավոր աջակիցներն են Դավիթ Բաղդասարյանը (Krisp ընկերության համահիմնադիր), Աստղիկ Փիլիպոսյանը (Krisp ընկերության Արտադրանքի և զարգացման ղեկավար) և ONEX ընկերությունը։ Ծրագրին աջակցում են JetBrains ընկերությունը, Fimetech ընկերությունը, Խաչատուր Սուքիասյանը։ Ծրագրին մյուս ուսումնական տարում աջակցելու է Ամարյան հիմնադրամը։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ այս կարևոր առաքելությանը միանալու և դրա իրականացմանը նպաստելու համար։