Նորություններ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն է։

Հոկտեմբերին նախաձեռնության շրջանակում հավաքագրված 4,648,503 դրամը կուղղվի հիմնադրամի «Օլիմպիական շարժում» ծրագրին՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների  զարգացմանը և ավելի շատ աշակերտների՝ օլիմպիական կրթությանը մասնակցելու հնարավորությանը։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումն ու մարզերում երեխաների ներուժի բացահայտման հնարավորությունները։

«Կրթությունը և մարզերի համաչափ զարգացումը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Մենք վստահ ենք, որ որակյալ կրթական հնարավորություններ ստեղծելով` հիմք ենք դնում ուժեղ և մրցունակ հասարակության ձևավորմանը։ Նախատեսում ենք նաև անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ շահառու երեխաների համար՝ նպաստելով ժամանակակից աշխարհում անհրաժեշտ ֆինանսական հմտությունների ձևավորմանը»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական կրթությունը աշակերտների շրջանում զարգացնում է վերլուծական մտածողությունն ու հետևողականությունը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագա գիտական և տեխնոլոգիական ոլորտի առաջատարները ձևավորվում են դեռ դպրոցական տարիներից։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա, անկախ իր բնակության վայրից, հնարավորություն կունենա բացահայտելու և իրացնելու իր ներուժը։ Ուրախ ենք, որ IDBank-ը միանում է մեր նախաձեռնությանը՝ ներդրում ունենալով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում»,- նշեց Սերինե Ավետիսյանը։