Նորություններ
«Օլիմպիական շարժում»․ մեկնարկել է մարզային ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումը
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, իրականացնում է «Օլիմպիական շարժում» ծրագիրը, որի նպատակն է օլիմպիական կրթությունն ու հնարավորությունները հասանելի դարձնել Հայաստանի մարզերում։
Հուլիսի 27-ին Երևանում մեկնարկել է ծրագրի շրջանակում ավելի վաղ ընտրված խմբակավարների հնգօրյա վերապատրաստումը, որին մասնակցում են մաթեմատիկայի և ֆիզիկայի 9 ուսուցիչներ Կոտայքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերից։
Վերապատրաստման ավարտից հետո նշված մարզերում կստեղծվեն օլիմպիական խմբակներ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան զարգացնել իրենց գիտելիքները, բացահայտել իրենց ներուժը և պատրաստվել առարկայական օլիմպիադաներին։
Ծրագրի մեկնարկին մասնակիցներին ողջունեցին «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը և Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

«Օլիմպիական շարժում» ծրագիրը միտված է ստեղծելու հավասար հնարավորություններ Հայաստանի մարզերի շնորհալի աշակերտների համար՝ նպաստելով օլիմպիական կրթության տարածմանը և նոր սերնդի գիտական ներուժի զարգացմանը։







