Նորություններ

«Օլիմպիական շարժում». զարգացնելով օլիմպիական կրթությունը մարզերում

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է նոր և կարևոր նախաձեռնություն՝ «Օլիմպիական շարժում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում առաջին անգամ հիմնադրամը կընդլայնի իր գործունեությունը Ֆիզմաթ դպրոցից դուրս՝ ստեղծելով օլիմպիական խմբակներ ՀՀ մարզերում։Ծրագրի շրջանակում ընտրված մարզերում կստեղծվեն օլիմպիական խմբակներ, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան խորացված պարապելու մաթեմատիկա և ֆիզիկա, ինչը թույլ կտա նրանց հետագայում մասնակցել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային օլիմպիադաների։

Նախաձեռնությունը փորձարկման փուլում է և դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շարունակել և խորացնել համագործակցությունը նաև պետական կառույցների հետ։ Այսպես, ԿԳՍՄ նախարարության հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն մշակելու գործիքներ՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողներին բացահայտելու համար։ Սա թույլ կտա նրանց հետ կազմակերպել առավել խորացված ուսուցում և նպաստել նրանց ներուժի լիարժեք բացահայտմանը։

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում բոլոր երեխաների համար օլիմպիական կրթություն ստանալու հավասար հնարավորություններ ստեղծելն է, ինչը կարևոր հիմք կդառնա երկրի տեխնոլոգիական զարգացման և առաջընթացի համար։