
17-ամյա Վահան Աբրահամյանը ֆիզմաթցիների հաջողությունների մասին պատմող մեր շարքի նոր հերոսն է։ Այս տարվա հունվարին Ալմաթիում անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Վահանը նվաճել է բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկա առարկայից։
Վահանի հետ զրուցել ենք նրա ընտրած ուղու, փորձի և ապագայի ծրագրերի մասին։
Ինչո՞ւ ինֆորմատիկա
Մանկուց ավելի շատ սիրել եմ մաթեմատիկան․ խնդիրների լուծումն ինձ համար միշտ եղել է հետաքրքիր և գրավիչ։ Այդ հետաքրքրությունն էլ ինձ բերեց Ֆիզմաթ դպրոց։ Այստեղ հնարավորություն ունեցա մասնակցելու տարբեր օլիմպիական խմբակների, որոնցից մեկը ինֆորմատիկան էր։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ այս ոլորտը հատկապես հոգեհարազատ է ինձ․ այստեղ կան ստեղծագործ լուծումներ, մշտական մտավոր մարզանք։ Այդ պատճառով որոշեցի շարունակել այս ուղղությամբ և, հնարավոր է, ապագայում այն դարձնեմ իմ մասնագիտությունը։
Մասնակցությունը օլիմպիադաներին
Մտքի մշտական մարզանքը չափազանց կարևոր է․ այն քեզ պահում է ակտիվ, օգնում է խնդիրներին մոտենալ տարբեր տեսանկյուններից և գտնել բազմազան լուծումներ։ Այս հմտությունները հետագայում մեծ դեր են խաղում կյանքի տարբեր իրավիճակներում։ Օլիմպիադաները նաև առողջ մրցակցություն են ստեղծում, ինչը շատ կարևոր է․ մենք ոչ միայն մրցում ենք, այլև օգնում ենք միմյանց, սովորում իրարից և միասին զարգանում։
2024 թվականին առաջին անգամ մասնակցեցի Ժաուտիկովյան օլիմպիադային։ Դա ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր՝ նոր միջավայր, նոր մարդիկ և բարձր մակարդակի կազմակերպվածություն։ Ինձ տպավորեցին ինչպես առաջադրանքները, այնպես էլ տարբեր երկրների մասնակիցների հետ շփումը։ Սա ոչ միայն գիտելիքի, այլև փորձի մեծ ձեռքբերում էր։
Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է սկսվի սիրուց։ Կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից փորձեն իրենց տարբեր ոլորտներում, մասնակցեն օլիմպիադաների, հետևեն հաջողված օրինակներին և հասկանան, որ իրենք նույնպես կարող են հասնել մեծ հաջողությունների։
Ոլորտում իդեալներ
Ես փորձում եմ յուրաքանչյուրից վերցնել լավագույնը։ Իհարկե, կան բազմաթիվ բարձրակարգ ծրագրավորողներ և օլիմպիականներ, որոնց հետևում եմ և որոնց նման կուզենայի դառնալ։ Ինձ համար մեծ դեր ունեն նաև իմ ուսուցիչները՝ Արմեն Անդրիասյանը և Սամվել Անդրեասյանը, որոնցից շատ բան եմ սովորել և շարունակում եմ սովորել։
Ապագայի ծրագրեր
Ապագայում ցանկանում եմ շարունակել ծրագրավորման ուղղությամբ։ Դեռ չեմ որոշել՝ կրթությունս կշարունակեմ Հայաստանում, թե արտերկրում, բայց վստահ եմ մի բանում՝ ինչ ճանապարհ էլ ընտրեմ, փորձելու եմ իմ գիտելիքներով օգտակար լինել հայրենիքիս, ստեղծել նորարարություններ և ներդրում ունենալ իմ ժողովրդի զարգացման գործում։