
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, շարունակելով Հայաստանում օլիմպիական կրթության զարգացմանն ուղղված իր ջանքերը, նոր շարք է սկսել, որտեղ ներկայացնում ենք ֆիզմաթցիների հաջողության պատմությունները միջազգային օլիմպիադաներում։
Մեր շարքի հաջորդ հերոսը 16-ամյա Տիգրան Մացակյանն է, ով բրոնզե մեդալ է նվաճել 2025 թվականի հուլիսին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում։
Ինչու հենց ինֆորմատիկա
Ֆիզմաթում սովորում եմ 7-րդ դասարանից։ Դեռ 5-րդ դասարանից սկսած արդեն սեր ունեի մաթեմատիկայի նկատմամբ։ Եվ քանի որ Ֆիզմաթը մասնագիտացված է մաթեմատիկայի ուղղությամբ, որոշեցի այստեղ շարունակել ուսումս։ Բայց սովորելու ընթացքում հասկացա, որ ավելի շատ հետաքրքրված եմ նաև ինֆորմատիկայով։ Ինձ համար ինֆորմատիկայի խնդիրները շատ գեղեցիկ են, դրանց շուրջ մտածելը ինձ հաճույք է պատճառում։

Մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին
Իմ փորձից կասեմ, որ օլիմպիադաներին մասնակցելը տվել է հմտություն՝ չկորցնել ինքս ինձ լարված իրավիճակներում։ Այն ինձ տվել է նաև շփման հմտություններ, քանի որ օլիմպիադաների ընթացքում շփվում ենք շատ տարբեր մարդկանց և մշակույթների հետ և զարգացնում ենք մեր աշխարհայացքը։ Ես շատ եմ սիրում ճամփորդել, և օլիմպիադաները լավ միջոց են նաև ճամփորդելու համար։

Ոլորտում իդեալները
Իմ իդեալները մեր դպրոցի շրջանավարտներն են, ում հետ հասցրել եմ շփվել, նաև օլիմպիադաների մասնակիցները։ Հիմնականում ինձ ոգևորում են նրանց նվաճումները։ Ձգտում եմ հասնել նրանց։
Ապագա պլաններ և երազանքներ
Շարունակելու եմ սովորել Computer Science-ի գծով։ Իմ կարծիքով՝ լավ մասնագիտություն ունենալու համար պետք է հաճույքով սովորես։ Ես հաճույք եմ ստանում հենց այս ոլորտի խնդիրները լուծելուց։ Ուզում եմ ուսումս շարունակել արտերկրում, բայց կոնկրետ համալսարան դեռ չեմ ընտրել։ Իսկ ավարտելուց հետո, երբ որոշ ժամանակ աշխատեմ, կուզենամ մարդկանց կյանքը թեթևացնող գլոբալ ծրագիր ստեղծել։