
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, շարունակելով Հայաստանում օլիմպիական կրթության զարգացմանն ուղղված իր ջանքերը, նոր շարք է սկսել, որտեղ ներկայացնում ենք ֆիզմաթցիների հաջողության պատմությունները միջազգային օլիմպիադաներում։
Այս անգամ մեր շարքի հերոսը 16-ամյա Սարգիս Առաքելյանն է, ով բրոնզե մեդալ է նվաճել 2025 թվականին Ավստրալիայում կայացած 66-րդ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում (IMO):
Ինչու մաթեմատիկա
Մաթեմատիկայի հանդեպ սեր ունեի փոքր ժամանակվանից, իսկ երբ ընդունվեցի Ֆիզմաթ, այդ սերն ավելի մեծացավու խորացավ, և որոշեցի այդ ուղղությամբ շարունակել։
Մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին
Օլիմպիադաներին հիմնականում պատրաստվում եմ օլիմպիական խմբակներում, ինչպես նաև ինքնուրույն պարապելով։ Միջազգային օլիմպիադայի փորձը շատ կարևոր է։ Արտասահմանցի երեխաներից շատ բան ունենք սովորելու։ Շատերը մաթեմատիկայում մեզանից ուժեղ են, մենք զարգանալու տեղ ունենք։ Օլիմպիադաների համար անընդհատ պետք է պարապես, ձգտես զարգանալ։ Ապագայում շատ եմ ուզում ոսկի նվաճել։
Իմ կարծիքով, եթե սեր ունես որևէ առարկայի նկատմամբ, հաստատ արժե մասնակցել միջազգային օլիմպիադաների, քանի որ դա ոչ միայն շատ հետաքրքիր ու հաճելի ժամանց է, այլև մեծ հաջողությունների հասնելու առաջին քայլը։
Ապագա պլաններ և երազանքներ
Ինձ պատկերացնում եմ գիտության մեջ՝ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի բնագավառում։ Այս պահին մտածում եմ արտերկրի համալսարաններից մեկում սովորելու մասին, բայց դեռ հստակ չեմ որոշել, թե որտեղ։