
2025թ․ հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 2-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ RoboChallenge 2025 միջազգային ռոբոտաշինական օլիմպիադան՝ Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական մրցույթներից մեկը։
Հայաստանը այս մրցույթին ներկայացրին Ֆիզմաթ դպրոցի չորս թիմեր, որոնցից երկուսը ձևավորվել էին մասնավոր IT կազմակերպությունների՝ ROOT և Fimetech ընկերությունների աջակցությամբ։ Այս գործընկերությունը հնարավորություն տվեց սովորողներին մրցույթին նախապատրաստվել գործնական տեխնոլոգիական միջավայրում, ինչպես նաև ապահովեց վեց սովորողների մասնակցության հովանավորությունը։
Ֆիզմաթի սովորողների ևս հինգ մասնակցի մասնակցությունը ֆինանսավորվել է Հովնանյան հիմնադրամի կողմից՝ որպես աջակցության և կրթական հավասար հնարավորությունների խթանման կարևոր քայլ։
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվեցին շուրջ 167 ռոբոտ, որոնցից 92-ը Թուրքիայից, 18-ըՌումինիայից,16-ը Ադրբեջանից, 13-ը Հայաստանից և 12-ը Հունաստանից։ Ֆիզմաթի թիմերը ներկայացրին 13 ռոբոտ, որոնք ամբողջությամբ նախագծվել և պատրաստվել են սովորողների կողմից՝ առանց պատրաստի դետալների օգտագործման։ Այս մոտեցումը մեծ ուսուցողական արժեք ունի․ այն նպաստում է ինժեներական մտածողության, թիմային աշխատանքի և ստեղծագործական խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը։ Ընդ որում, մրցույթի մասնակիցների շուրջ 80–90%-ը ներկայացրել էր նախապես գնված և հավաքված ռոբոտներ։
Մրցույթի ավարտից հետո մեր սովորողները հնարավորություն ունեցան հանդիպելու Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին տեխնոլոգիական կրթության զարգացման և Հայաստանի թիմերի միջազգային ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները։
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեկտեղել ջանքերը՝ նպաստելու ԲՏՃՄ կրթության զարգացմանը Հայաստանում և սովորողներին տրամադրելու միջազգային փորձի ձեռքբերման նոր հնարավորություններ։