
Սովորողների թվի աճ, նոր մասնագետների հետ համագործակցություն և միջազգային փորձի ներդրում․ Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների հզորցաման ծրագիրն արդեն ունի տեսանելի արդյունքներ։
Դեռեւս 2025 թվականի մայիսին «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի շնորհիվ արդեն սեպտեմբերին օլիմպիական խմբակների պարապմունքների թիվը 15-ից հասել է 29-ի, իսկ սովորողների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով։ Դասընթացներն այժմ սկսվում են յոթերորդ դասարանից, ինչն
աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի վաղ բացահայտել իրենց պոտենցիալը և զարգացնել կարողությունները միջազգային օլիմպիադաներում հաջողության հասնելու համար։
Ծրագրի նշանակալի ձեռքբերումներից է միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս Նաիրի Սեդրակյանի հետ համագործակցությունը՝ հեռավար դասավանդման ձևաչափով։ Նաիրի Սեդրակյանը հայտնի է որպես Սեդրակյանի անհավասարության հեղինակ, երկար տարիներ եղել է միջազգային օլիմպիադաների ժյուրիիանդամ։ Նրա ներգրավվածությունը հնարավորություն է տալիս սովորողներին ծանոթանալ միջազգային գիտակրթական փորձին՝ անկախ աշխարհագրական սահմաններից։
Ծրագրի շրջանակում ևս մեկ մասնագետ է ներգրավվել։ Շնորհիվ «Քառակուսի» կրթական հիմնադրամի հետ համագործակցության, օլիմպիական խմբակների դասավանդողներին է միացել ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Սմբատ Գոգյանը։
Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների հզորացումը «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի առաջնահերթություններից է։
Ծրագրով նախատեսված է նաև՝
- խմբակավարների համար հոնորարների ավելացում,
- ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաների խմբակների համար ծրագրերի և մեթոդական ուղեցույցերի մշակում,
- միջազգային օլիմպիադաներին մասնակցության աջակցություն (ճանապարհածախս, կեցություն) և նվաճումների համար պարգևավճարների քաղաքականության ներդրում։
Ծրագիրն իրականացվում է Global Entrepreneurship Foundation, Krisp եւ Onex
ընկերությունների աջակցությամբ։ Համագործակցությունը միավորում է կրթական, տեխնոլոգիական և բարեգործական համայնքների ջանքերը՝ ստեղծելով հզոր հիմք Հայաստանի ապագա օլիմպիական հաջողությունների համար։