Երբ համագործակցությունը դառնում է ապագայի ստեղծման ուժ.Hi-Math-ի և հիմնադրամի պատմությունը
photo_5372987650912418914_y

Արդեն երկու տարուց ավել է, ինչ Hi-Math-ը և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ աջակցել ԲՏՃՄ կրթության զարգացմանը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սովորողները և ուսուցիչները ոչ միայն գիտելիք են ստանում, այլև ոգեշնչվում են նոր բացահայտումների համար։

Մեր համագործակցությունը ունի մի քանի առանցքային ուղղություններ՝

Պարգևատրումներ միջազգային ու տեղական հաջողությունների համար

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նվաճում արժանի է արժևորման։ Այդ պատճառով հիմնադրամը պարգևատրում է թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ուսուցիչներին՝ միջազգային ու տեղական օլիմպիադաներում գրանցած հաջողությունների համար։ Այս քայլը ոչ միայն գնահատանք է անցած ճանապարհի, այլև խրախուսանք՝ նոր բարձրունքների հասնելու համար։

Ճարտարագիտական խմբակ


Աշակերտների համար արդեն գործարկվել է խմբակ, որտեղ նրանք հաղորդակից են լինում ինժեներական աշխարհի մեջ։ Այստեղ նրանք ուսումնասիրում են մեխանիկա, էլեկտրոնիկա, դրոնների կառավարում և իրականացնում են վերջնական արտադրանքի նախագծում ու փորձարկում։
Դասընթացները զուգորդվում են գործնական փորձով՝ առաջատար ՏՏ և ինժեներական ընկերություններում։ Այսպիսով, դեռ դպրոցական տարիքից սովորողները հնարավորություն են ստանում շոշափել իրական ոլորտային փորձն ու գիտելիքը՝ իրենց ապագան ՀՀ-ում կառուցելու մոտիվացիայով։

ԲՏՃՄ ճամբարներ և նախաձեռնություններ


Ամառային ճամբարները, ծրագրերն ու  նախաձեռնությունները ձևավորում են ստեղծարարության և համագործակցության յուրահատուկ մթնոլորտ։ Այստեղ աշակերտները սովորում են մտածել նորարարաբար, փորձել ուժերը թիմային նախագծերում և բացահայտել իրենց ներուժը։

Այս ամենի միջոցով մեր համագործակցությունը վերածվում է ոչ թե պարզապես ծրագրերի շարքի, այլ կրթական ամբողջական միջավայրի։ Միջավայրի, որտեղ աշակերտները գտնում են իրենց ուժեղ կողմերը, սովորում են աշխատել թիմով և ձեռք են բերում այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք վաղը կծառայեն Հայաստանի զարգացմանը։