
Ֆիզմաթ դպրոցի սովորողների և շրջանավարտների հաջողության պատմությունների շարքի մեր այսօրվա հարցազրույցը յուրահատուկ է․ զրուցել ենք հայտնի մաթեմատիկոս, Սեդրակյանի անհավասարության հեղինակ Նաիրի Սեդրակյանի հետ, ով ներկայում առցանց դասավանդում է Ֆիզմաթի օլիմպիական խմբակում։
Հարցազրույցի ընթացքում Սեդրակյանը պատմել է իր մասնագիտական ճանապարհի, Ֆիզմաթ դպրոցի դերի, օլիմպիական կրթության և աշակերտների հետ աշխատելու իր մոտեցումների մասին։
-Կպատմե՞ք, ինչպես և որտեղից սկսվեց Ձեր ճանապարհը մաթեմատիկայի աշխարհում։
-1975 թվականին երկու անգամ մասնակցել եմ Ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններին, սակայն պետք է նշեմ, որ երկու անգամ էլ դրական արդյունք չեմ ստացել։ Քննություններին ինձ միշտ ուղեկցում էր տատիկս։ Երկրորդ անհաջողությունից հետո նա երկար ժամանակ մնաց դպրոցում և ուսմասվարին խնդրեց, որ ինձ ընդունեն՝ խոստանալով, որ ես անպայման լավ կսովորեմ։
Այդ ժամանակ դպրոցում ուսմասվար էր աշխատում շատ ազնիվ մարդ՝ Հրաչիկ Մխիթարյանը։ Չգիտեմ՝ ինչու, բայց նա հավատաց տատիկիս խոսքերին, և ինձ ընդունեցին Ֆիզմաթ դպրոց։ Կարծում եմ՝ դա իմ կյանքի մեծ հաջողությունն էր։ Իմ բախտը բերեց այն հարցում, որ մեզ մաթեմատիկա էր դասավանդում Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ հրաշալի մասնագետ և մանկավարժ։ Սկզբնական շրջանում հանրահաշվից և երկրաչափությունից իմ առաջին գնահատականները «երկուսներ» էին, սակայն քրտնաջան աշխատանքի և ուսուցչի բարձրակարգ դասավանդման շնորհիվ ես սկսեցի հասկանալ մաթեմատիկան։ Հինգ ամիս անց արդեն կարողանում էի ստանալ «հինգեր», ինչը ինձ համար մեծ հաղթանակ էր։ Ֆիզմաթի և Ռաֆիկ Մարտիրոսյանի շնորհիվ մաթեմատիկան դարձավ իմ հիմնական մասնագիտությունը, և մինչ օրս ես անբաժան եմ դրանից։
-Ի՞նչ վառ հիշողություններ եք պահպանում դպրոցական տարիներից։
-Ֆիզմաթում սովորելու տարիներից շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ։ Հատկապես հիշում եմ Հովհաննես Հարությունյանին, ով Երևանից էր և լուծում էր չափազանց բարդ խնդիրներ։ Նրա խոսքն ու մտածելակերպը այնքան բարձր մակարդակի վրա էին, որ հետագայում, շփվելով պրոֆեսորների հետ, կարող եմ ասել՝ նա խոսում էր լավագույն պրոֆեսորի նման։
Մեր բոլորի համար զարմանալի էր, երբ հերթական դժվար խնդիրը լուծելուց հետո ուսուցիչը նրան ասաց «ապրես» և դրանից հետո «երեք» գնահատեց։ Այդ «երեքից» հետո իմ ստացած «երկուսները» նույնիսկ սկսեցին ինձ համար արժեքավոր թվալ (ծիծաղում է,-խմբ․)։
-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է Ֆիզմաթը դարձնում առանձնահատուկ՝ այլ դպրոցների համեմատ։
Ֆիզմաթի առանձնահատկությունը նրա բարձրակարգ մասնագետներն ու մանկավարժներն են, ինչպես նաև այն բացառիկ տաղանդավոր աշակերտները, որոնք սովորում են այստեղ։ Երևանում շատ քիչ դպրոցներ կարելի է գտնել, որտեղ այդքան մեծ թվով շնորհալի երեխաներ են կրթվում մեկ վայրում։
-Դուք շուրջ 50 տարի զբաղվում եք մաթեմատիկայի օլիմպիադաներով։ Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում։
-Ինձ հատկապես դուր է գալիս ստեղծագործական աշխատանքը՝ նոր խնդիրների ստեղծումը, նոր հարցադրումները։ Այդ ամենը առավել հետաքրքիր է դառնում, երբ աշխատանքը կատարվում է ոչ թե միայնակ, այլ աշակերտների հետ միասին։ Շատ հարցադրումներ ծնվում են աշակերտների առաջարկած հետաքրքիր լուծումներից։
Հենց այդ պատճառով էլ ինձ համար չափազանց կարևոր է աշխատել տաղանդավոր երեխաների հետ։ Ներկայում ես նաև առցանց դասեր եմ վարում Ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակի սաների համար, ինչը հնարավորություն է տալիս շարունակել այս աշխատանքը ժամանակակից ձևաչափով։
-Ձեր կարծիքով՝ մասնակցությունը օլիմպիադաներին ինչ է տալիս աշակերտին։
-Օլիմպիադաներում հաղթանակն ինձ համար հիմնական նպատակ չէ։ Ինձ համար շատ ավելի կարևոր է աշակերտների մոտ զարգացնել ստեղծագործական մտածողությունը։ Մաթեմատիկոս դառնալու համար դա շատ ավելի կարևոր է, քան մեդալը։
Տասնյակ աշակերտներ, որոնք սովորել են իմ խմբակներում, հետագայում տպագրվել են աշխարհի տարբեր գիտական ամսագրերում՝ ներկայացնելով նոր խնդիրներ կամ այնպիսի բարդ լուծումներ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել։
-Ո՞րն է այն խորհուրդը, որը միշտ տալիս եք Ձեր աշակերտներին՝ թե՛ օլիմպիադաներին մասնակցելու, թե՛ ոլորտում աճելու և կայանալու վերաբերյալ։
-Իմ հիմնական խորհուրդը հետևյալն է․ սովորել աշխատել ուսումնասիրվող նյութի վրա։ Շատ դեպքերում գրեթե նույն ունակություններ ունեցող աշակերտներից մեկը հասնում է հաջողության, մյուսը՝ ոչ։ Պատճառը ոչ թե տաղանդն է, այլ աշխատանքի ձևը։
Օլիմպիադաներով զբաղվող աշակերտներին խորհուրդ կտայի լինել շատ աշխատասեր և համբերատար։ Իրականում մեծ քրտնաջան աշխատանք է պահանջվում, որպեսզի հնարավոր լինի օլիմպիադաներում հաջողության հասնել։