
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, շարունակելով Հայաստանում օլիմպիական կրթության զարգացմանն ուղղված իր ջանքերը, սկսում է անձնական պատմություններիշարք․ ներկայացնելու ենք ֆիզմաթցիների հաջողության պատմությունները միջազգային օլիմպիադաներում։
Մեր շարքի առաջին հերոսուհին 17-ամյա Ռուզաննա Շիրոյանն է, ով ոսկե մեդալ է նվաճել 2025 թվական սեպտեմեբրին Սոչիում կայացած Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային։
Ռուզաննան Ֆիզմաթ դպրոց է հաճախում 15 տարեկանից․ երազում է դառնալ աստղաֆիզիկոս։
Ինչու հենց աստղագիտություն
Վեցերորդ դասարան էի, երբ հասկացա, որ ֆիզիկամաթեմատիկական առարկաներն ինձ գրավում են։ Այնպիսի քաղաքից եմ (Սպիտակ,-խմբ․), որտեղ լուսային աղտոտվածությունը փոքր էր, և երկինքը շատ լավ եր երևում գիշերը, դա էլ է նպաստել հետաքրքրասիրությանս աստղագիտության մեջ։ «Ֆիզմաթ» եկել եմ աստղագիտության պարապմունքների համար, նպատակ ունեմ շարունակել աստղաֆիզիկայի գծով, դառնալ աստղաֆիզիկոս։
Առաջին միջազգային օլիմպիադան և ոսկե մեդալը
Իններորդ դասարանից սկսած՝ մասնակցել եմ հանրապետական օլիմպիադաների, բայց այս տարի առաջին անգամ էի մասնակցում միջազգային օլիմպիադայի։ Սկզբում շատ էի լարվում, բայց առաջին փուլից հետա հարմարվեցի։ Ես նպատակ ունեի մեդալն նվաճել այդ օլիմպիադայից և ինձ մոտ ստացվեց, պետք էր ուղղղակի շատ աշխատել։ Աշխատասիրությունը կարող է ապագայում շատ մեծ հաջողություններ պարգևել։
Մրցակցությունը լավ բան է, քանի որ այն պատրաստում է ապագա կյանքում և կարիերիայում սպասվող դժվարություններին,տալիս է շատ մեծ մոտիվացիա, հատկապես երբ հաջողություն ես գրանցում։ Եթե շատ աշխատենք, ամեն ինչ կստացվի, ուղղակի պետք է մեծ համբերություն։ Ես հասել եմ այս արդյունքին, քանի որ ամեն օր աստղագիտություն եմ պարապում։ Պետք է իրոք մեծ հետաքրքրություն ունենաս այս առարկայի նկատմամբ, որպեսզի հաջողություն գրանցես։

Աստղագիտության մեջ իդեալը
Վիկտոր Համբարձումյանն է։ Ես աստղագիտությամբ հետաքրքրվելուց մեկ տարի անց եմ իմացել, որ ծնվել եմ Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին։ Ապագայում ուզում եմ նմանվել իրեն։
Ապագա պլաններ և երազանքներ
Ուզում եմ շարունակել ուսումս արտասահմանում՝ Գրոնինգենի համալսարանում։ Իմ գլխավոր նպատակներից է նաև մասնակցել աստղագիտության ամենագլխավոր՝ International Olympiad on Astronomy and Astrophysics (IOAA) օլիմպիադային։
Կուզեի դառնալ ճանաչված դեմք իմ մասնագիտության մեջ և նպաստել Հայաստանի զարգացմանը, նույնիսկ մտածում եմ աստղագիտարան հիմնել, որպեսզի աստղագիտության վերաբերյալ գիտելիքները զարգանան, և մարդկությունը ավելի մոտենա այդ բոլոր գաղտնիքները հասկանալուն։