
Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է, և մենք չէինք կարող ֆիզմաթցիների հաջողությունների մասին պատմող շարքում չանդրադառնալ դպրոցի աղջիկ սովորողներին, ովքեր պակաս հաջողություններ չեն գրանցում։
Շարքի այսօրվա հերոսուհին 17-ամյա Նարե Սմբատյանն է, ով այս տարվա հունվարին նվաճել է բրոնզե մեդալ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում՝ մաթեմատիկա առարկայից։
Ինչո՞ւ մաթեմատիկա
Ֆիզմաթ հաճախում եմ 7-րդ դասարանից։ Նկատելով մաթեմատիկայի հանդեպ իմ մեծ սերը և արդեն գրանցած հաջողությունները (օրինակ՝ 4-րդ դասարանում «Կենգուրու» մրցույթում հաղթանակը), ծնողներիս հետ որոշեցինք, որ պետք է ավելի լավ տեղ ուսումս շարունակեմ։ Շատ մարդկանց խորհուրդով ընտրեցինք հենց Ֆիզմաթը։
Մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին
Օլիմպիադաների մասնակցում եմ 5-րդ դասարանից՝ ամեն տարի Հանրապետական փուլում դիպլոմ կամ գոնե գովասանագիր ստանալով։ Միջազգային օլիմպիադաներում նույնպես որոշ հաջողություններ ունեմ․ օրինակ՝ անցած տարի Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալը։ Այս օլիմպիադային Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում, և ինձ թվում է, որ այն ոգևորեց աղջիկներին ավելի շատ աշխատել ու գրանցել նմանատիպ հաջողություններ։

Ժաուտիկովյան օլիմպիադայում, լինելով Հայաստանի ներկայացուցիչ միակ աղջիկը, ավելի լարված էի զգում ինձ։ Կարծում եմ՝ կարող էի ավելի լավ դրսևորել իմ կարողությունները, սակայն անչափ ուրախ եմ նաև բրոնզե մեդալի համար։
Կարծրատիպերից դուրս՝ աղջիկները գիտության առաջամարտիկներ
Միջազգային օլիմպիադաները հնարավորություն են տալիս մեր երկիրը լավ ներկայացնել, շփվել այլ երկրների մարդկանց հետ և ծանոթանալ նրանց մշակույթին։ Կոնկրետ աղջիկների համար դրանք նաև տալիս են ինքնավստահություն, կոտրում այն կարծրատիպը, որ միայն տղաները կարող են հաջողություններ ունենալ մաթեմատիկայում։ Այն աղջիկներին, ովքեր ցանկանում են մասնակցել օլիմպիադաներին, խորհուրդ կտամ չվախենալ, շատ աշխատել և նույնիսկ անհաջողության դեպքում չհանձնվել։ Մեր հաջողությունները ապագայում կդառնան խթան՝ մաթեմատիկայի բնագավառում ավելի շատ աղջիկների ներգրավման համար։
Ապագա ծրագրեր և երազանքներ
Ապագայում պլանավորում եմ մաթեմատիկայում խորացնել գիտելիքներս և մեծ ցանկություն ունեմ նաև ինֆորմատիկան ավելի լավ ուսումնասիրելու։ Կարծում եմ՝ դեռ շատ բաներ կան սովորելու, և կուզեի ուսումս շարունակել արտասահմանում։